
Ստորագրված համատեղ հռչակագրում ընդգծվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում:
Նա նշել է, որ Ադրբեջանի համար նախագծի ռազմավարական կարևոր մասը Նախիջևան անարգել անցման ապահովումն է. «Նոր միջանցքի բացումը կծառայի այս նպատակին։ Զանգեզուրով անցնող նոր միջանցքը, որը կարևոր է Եվրոպայի և Ասիայի միջև կապի համար, խթան կհաղորդի տնտեսական աճին։ Միջանցքը միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այս միջանցքը կունենա ավելի բարձր թողունակություն՝ որպես այլընտրանք գործող երթուղիներին։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տրանսպորտային թողունակությունը մեծացվել է մինչև տարեկան 5 միլիոն տոննա»։
Մուստաֆաևը նաև նշել է, որ հաղորդակցությունների բացումը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար.
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի իրականացումը կապահովի ոչ միայն հաղորդակցությունների բացումը, այլև վստահությունը մեր տարածաշրջանի պետությունների միջև»։