Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպանի խոսքերը լրագրողների հետապնման մասին «անպատասխանատու» է անվանել։
«Այդ պնդումը անհիմն է եւ անպատասխանատու։ Ավել լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրներում արդարադատության բացակայության եւ դատական համակարգերում դաժան վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային պրակտիկաների հիման վրա, անթույլատրելի է»։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, տեղեկացրել է «Թուրանը»։ Նա այդ կերպ արձագանքել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոյի երեկվա հրապարակմանը։
«Ես ցնցվել էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքից։ Դա հատկապես վերաբերում է երիտասարդ կանանց, որոնց ձեռնաշղթաներ էին հագցրել դատարանի դահլիճում, նստեցրել ապակե վանդակներում կամ չէին բավարարում տարրական մարդկային պահանջմունքները։ Ամեն մեկն արժանապատիվ եւ հարգալից վերաբերմունքի իրավունք ունի»,- ասել է Պետեր Միխալկոն։



