Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ հայտարարո...

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին։

«Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականների քարտեզները` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այդ քարտեզները անօգուտ են ու թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։

Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Գերատեսչության հայտարարության մեջ նաև նշված է, թե «Հայաստանի կողմից պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ վերջին 30 տարվա ընթացքում անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ»։