Ադրբեջանցիներն ունեն իրենց վերքերը․ Ալեն Սիմո...

Ադրբեջանցիներն ունեն իրենց վերքերը, Ադրբեջանում կարծում են, ես չեմ ասում՝ ճիշտ է, թե սխալ, բայց այնտեղ կարծում են, որ Հայաստանը 30 տարի շարունակ իրենց երկրի տարածքի 20%-ը պահել է օկուպացիայի տակ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար կարևոր է կանխել ապագա ցանկացած սպառնալիք և թույլ չտալ դա, ասենք, 50 կամ 100 տարի հետո... Ամեն ինչ կարող է լինել»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ այնպես չէ, թե հայերի մեծամասնությունը ցանկանում է տեսնել ադրբեջանցի սահմանապահների։ «Եվ դա վատ է, բայց ժամանակի ընթացքում դա էլ կանցնի։ Նույն հայերն ու ադրբեջանցիները Մոսկվայում բիզնես են անում և ընկերություն են անում։ Նույնն են անում նաև այլ երկրներում։ Լարվածություն կա, վերքերը թարմ են։ Իսկ մենք մարդ չե՞նք սպանել։ Ադրբեջանական կողմից մարդիկ չե՞ն մահացել։ Վստահության վերականգնման շրջանում խնդիր կա շփումները նվազագույնի հասցնելու վերաբերյալ։ Դա չի նշանակում, որ 5-10 տարի հետո այդպիսի անհրաժեշտություն կլինի»,- նշել է Սիմոնյանը։

Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար կարևոր է հաղորդակցությունների հնարավորինս շուտ ապաշրջափակումը, իսկ «այդ էմոցիոնալ հարցերը կլուծվեն արագ»։ Խորհրդարանի խոսնակը կրկնել է, որ շատ կարճ ժամանակ անց հայերն ու ադրբեջանցիները առևտուր կանեն։ «Մենք կունենանք հայ-ադրբեջանական ապրանքների համատեղ շուկա։ Մեր խանութներում կլինեն ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները կլինեն Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների խանութներում։ Դա անխուսափելի է։ Հայերը կգնան և բենզին (ադրբեջանական – խմբ.) կգնեն, որովհետև այդպես շահավետ է»,- ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», Ալեն Սիմոնյանը որպես օրինակ բերել է «Զվարթնոց» օդանավակայանի արգենտինական ընկերության կառավարման մոդելը։ «Աբստրակտորեն ասած, պայմանականորեն ասած, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցմամբ կարող է զբաղվել հայկական ընկերությունը, իսկ երկաթուղու կառուցմամբ՝ մեկ այլ ընկերություն։ Այդ հարցերը կլուծի համատեղ հայ-ամերիկյան կազմակերպությունը»,- հավելել է նա։

Խորհրդարանի խոսնակը վստահեցրել է, որ ամեն ինչ իրականացվելու է հինգ հայտնի սկզբունքների հիման վրա, այդ սկզբունքների շրջանակներից դուրս ոչինչ տեղի չի ունենա։ «Պայմանականորեն ասած, բացառվում է, որ մենք չիմանանք, թե Հայաստան ռումբ են տանում և այն կես ճանապարհին պայթի։ Հայաստանը կիմանա, թե ինչ բեռներ են անցնում։ Դրանք տեխնիկական հարցեր են, հիմա կան սկաներներ և այլ տեխնիկական միջոցներ»,- եզրափակել է նա։