Ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այն, ինչ հաստատել եմ, այդքանն է, ավել բան չեմ կարող ասել։ Առևտրային գաղտնիք է»,-ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ Դոհայում կազմակերպված ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի անմաքս տարանցումը որակել էր որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ Թբիլիսիի կողմից։



