Չեմ կարծում, որ փակուղի է. երեւի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու առաջարկը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք փակուղում է հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրելու գործընթացը՝ հաշվի առնելով բաքվից հնչող արձագանքներն ու նախապայմանները:
«Երևի դրանով պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք իրենց մամուլում տեղ են գտել, դրանք կարող են երկկողմ առանձին հետաքննության առիթ հանդիսանալ և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե այս հրապարակումների, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի նման բաներից խուսափել»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ էր Ադրբեջանի համար անակնկալ, որ Հայաստանն առաջարկում է ստորագրել համաձայնագիրը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվել, ;ավ իմանալով, որ հայերը մեկ է՝ չեն համաձայնելու: Դրանով իրենք միջազգային կառույցների, մասնակիցների մոտ լավ տպավորություն են թողել իրենց մասին: Դա գործելաոճ է:
Մեր նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելը, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելը, և ենթադրում եմ, որ երկար այդ նախագիծը այս կողմ, այն կողմ տանելը և հետագայում այդ միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, այդպիսի տպավորություն է թողել ինձ մոտ»:



