
Խաղաղության պահանջն իմ պահանջն է, դա Ադրբեջանի պահանջը չէ, ադրբեջանական գյուղն Ադրբեջանին հետ տալը, հայկական գյուղը Հայաստանին հետ տալը, իմ պահանջն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ ձեր պահանջն է նաև, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից, դուրս չեն գալիս, Սիմոնյանն ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Ուրեմն, ասում եմ՝ կան տեղեր: Այնպես զարմացած եք նայում, չկա՞ նման բան: Խոսքը միայն անկլավի մասին չէ: Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առած: Ենթադրենք իրենք 210 քառակուսի կիլոմետր, մենք ենթադրենք՝ 110 քառակուսի կիլոմետր: Օրինակ՝ Տավուշում»,:
Ապա Սիմոնյանը ինքը հարց բարձրացրեց, եթե նման բան չկա, բա այդ դելիմիտացիան, դեմարկացիան ինչի՞ է արվում։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում հայկական պաշտոնյաներն ասում են՝ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ և հակառակը, հիմա էլ Դուք նշեցիք, որ զորքեր կան, բայց ադրբեջանական կողմից երբեք նման բան չի ասվում, Սիմոնյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, մեր նպատակը այդ հայտարարությունները լսել-չլսե՞լն է, թե սահման ունենալն է:
Ինձ հետաքրքիր չէ՝ իրենք ինչ են հայտարարում: Ինչպե՞ս է ստացվում, քարտեզը բացում ենք, որտեղ որ Ադրբեջանի հետ համաձայնվել ենք, որ այս քարտեզը հիմք է հանդիսանում, այսինքն Ալմաթայի հռչակագրի տակ դրված քարտեզը, տեսնում ենք այստեղ 50 մետր այս մի զինվորն է ներս կանգնած, այստեղ 50 մետր այն մի զինվորն է այնպես կանգնած: Թե ձեզ թվում է այդպես սանտիմետրով Վրաստանից մինչև Իրան մեր զինվորները այսպես ուղիղ գծով, այ այսպես ուղիղ գծով կանգնած են:»