«Ադեկվադ» կուսակցությունը անկեղծ ու վճռական մ...

Հայաստանում նոր կուսակցություն կհիմնվի՝ «Ադեկվադ»: Այդ մասին այսօր հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ-ի թիմը՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Լիկա Թումանյանի գլխավորությամբ: Politik.am-ը զրուցել է հիմնադիրներից Արթուր Դանիելյանի հետ, պարզել որոշ մանրամասներ կուսակցության նպատակների, ֆինանսավորման և ռազմավարության մասին:

-Պարո՛ն Դանիելյան, Հայաստանում կան 100-ից ավելի կուսակցություններ: Դրանց մեջ չկա՞ր այնպիսի մեկը, որի գաղափարները ընդունելի էին, և կցանականայիք միանալ: Ինչու՞ որոշեցիք նոր կուսակցություն հիմնել:

Պատճառները բազմաթիվ էին:  Կար ոչ միայն գաղափարի, այլև ռազմավարական պլանների, մարտավարական գործողությունների հարց: Հիմա շատերը փորձում են հասկանալ՝ ո՞ր իզմի տակ է մտնում ադեվատիզմը: Ինքս դժվարանում եմ ասել՝ աջ ցենտրիստ ենք, լիբերալ նացիոնալի՞տ, թե՞ որևէ այլ քաղաքագիտական ուղղվածության: Ես մեր մանիֆեստում արձանագրել եմ այն բարեփոխումները, այն պետությունը, որը մեզ անհրաժեշտ է, և համախմբվել ենք դրա շուրջ: Ցավոք սրտի, մեր քաղաքական դաշտում ես չկարողացա գտնել այն ուժերին, որոնք կհամախմբվեին նույն օրակարգի շուրջ, պատրաստ կլինեին անկեղծ և վճռական մարտի մտնել, ինչը շատ կարևոր է: Նույնիսկ եթե գաղափարական առումով անհատները կամ կուսակցության անդամները համաձայն էին մեզ հետ, գործողությունների առումով, չգիտես ինչու, վճռականությունն ու դիրքորոշումների հստակ արձանագրումը պակասում էին: Սա մեր գլխավոր  խնիդրներից մեկն էր: Մարդիկ անհատական զրույցներում մի բան էին ասում, հրապարակային, հանրային ներկայանալիս՝ մեկ այլ բան: Միգուցե ժամանակը ցույց տա, որ հայացքների այդ երկակիությունն էլ իր պատճառն ուներ: Ամեն դեպքում, մենք փորձելու ենք երկակիության այդ ստանդարտները խախտել: Մենք իրերն իրենց անուններով ենք կոչելու և վճռական պայքար ենք իրականացնելու:

Ո՞րն է լինելու այն հիմնական փոփոխությունը, որը «Ադեկվադ» կուսակցությունը կբերի Հայաստանի քաղաքական դաշտ:

Մենք ասում ենք, որ Հայաստանում վերջին մոտ 70 տարվա ընթացքում մարդկային արժեքների փոխարեն սրվել են կենդանական արժեքները: Այն, ինչն իրոք համամարդկային է, փոխարինվել է համակենդանականով: Ամբողջ աշխարհում համոզում են, որ իրենք պետք է ապրեն իրենց բնազդներով, այսօրով, կյանքը վատնեն ինչ-որ հաճույքների վրա: Մենք առաքելություն ենք ստանձնել քարոզել այն փաստը, որ մարդը պետք է գիտակցի, որ ինքը պետք է ադեկվատ հասարակության անդամ դառնա, ձգտի կատարելության: Ընդ որում, այդ կատարելությունն էլ ձևակերպել ենք որպես չորս մարդկային առաքելությունների համագումար՝ մարդն անընդհատ պետք է փորձի լինել ավելի խոհեմ, ավելի ողջախոհ, ավելի արի և ավելի արդար: Ռազմավարական առումով, մենք ասում ենք՝ այդ առաքելություններին հասնելու համար անհրաժեշտ է ամուր պետություն, որը կհանդիսանա անառիկ ամրոց: Պետք է առնվազն 40 տարի հնարավորություն ունենալ պաշարված ամրոցի դերում փորձել մեր ժողովրդին թույլ տալ, որ իրենք ապրեն, զարգանան, աճեն, ձգտեն: Մեր մարտավարական ծրագրերը բխելու են հենց այս ռազմավարական նպատակներից: Այսինքն՝ այն գերակայությունները, որ ես արձանագրել եմ՝ պաշտպանական շերտեր, դեմոգրաֆիա, պատշաճ կրթություն ու արտաքին քաղաքականություն են ծառայելու ռազմավարական նպատակներին:

Որտեղի՞ց է լինելու կուսակցության ֆինանսավորումը:

Մինչ օրս մենք ֆինանսավորվել ենք իմ անձնական միջոցներից, «Ադեկվադ» ՀԿ-ի հիմնադրումից հետո բացել ենք բանկային հաշիվներ: ՀԿ-ն իր կանոնադրությունից բխող նպատակներով կարող է նաև ֆինանսավորել կուսակցության գործունեությունը: Ֆինանսավորումը տեղի է ունենալու ինչ-որ անհատների կամ կառույցների նվիրատվություններից, ինչպես որ ցանկացած այլ կուսակցության պարագայում: