Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄԷ-Հայաստան գործ...

Աբու Դաբիի Առևտրաարդյունաբերական պալատի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԱՄԷ-Հայաստան երկրորդ գործարար համաժողովը, որը համախմբել է երկու երկրների բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ, փորձագետներ և պաշտոնյաներ: Այս մասին  հայտնում է Հայաստանում ԱՄԷ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Ֆորումը նվիրված էր երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանմանը։

Մասնակցում էին ընկերություններ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ ֆինանսներ, գյուղատնտեսություն, վերականգնվող էներգիա, շինարարություն, թանկարժեք մետաղներ և քարեր, տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՄԷ-ի և Հայաստանի միջև գործարար հարաբերություններին՝ բացահայտելու փոխշահավետ ներդրումային հեռանկարներ, որոնք կնպաստեն երկու երկրների տնտեսական աճին և զարգացմանը։

Նշվում է, որ որպես Մերձավոր Արևելքի կարևոր առևտրային հանգույց՝ ԱՄԷ-ն հավատարիմ է համաշխարհային մակարդակով առևտրային գործընկերության խթանմանը, հաջող փորձի փոխանակմանը և տարբեր ոլորտներում համագործակցության և դիվանագիտական ​​հարաբերությունների ամրապնդմանը: