96,4 մլն դրամ հատկացում Երևանի ավագանու կողմի...

«Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցմանը 96,4 միլիոն դրամ հատկացնելու մասին Երեւանի ավագանու որոշման կապակցությամբ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասվում է.«2020 թվականի սեպտեմբերի 8-ի Երևան քաղաքի ավագանու N 268-Ա որոշմամբ կտեղադրվի 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: 2021 թվականի նոյեմբերի 30-ի Երևանի ավագանու որոշմամբ 96,4 միլիոն դրամ կհատկացվի այս հուշարձանի կառուցման ու տեղադրման համար: Որոշումն ընդունվեց 42 կողմ և 1 ձեռնպահ ձայներով և հարցի քննարկման ժամանակ չհնչեցին ոչ հարցեր, ոչ առաջարկություններ և ոչ առարկություններ՝ քննարկում չկար:

Ամենայն հարգանքով զոհերի հարազատների վշտի և կորուստի հանդեպ, հուշարձաններն իրենց մեջ կրում են որոշակի գաղափարաբանական և դաստիարակչական խորհուրդ՝ ուղերձ են հղում հասարակությանը և դաստիարակում սերունդներին: Անկասկած 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր նորօրյա պատմության մաս են և ցավ են մեզ համար և անկախ քաղաքական տեսակետներից, 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման մասին ոչ մի արտահայտություն չարեցինք։

Սակայն մի քանի օր առաջ Երևանի ավագանու եւ քաղաքապետի կողմից կայացված որոշումը 96,4 միլիոն ՀՀ դրամ հատկացնելու այդ հուշարձանի կառուցմանը այն պայմաններում, երբ առաջին որոշումից անցել է մեկ դաժան տարի, ունեցել ենք պատերազմ, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, պատերազմի արդյունքում տեղահանված ու կարիքավոր ընտանիքներ, երբ մայրաքաղաքը չի հավերժացրել 44-օրյա պատերազմի ընթացքին հայրենիքի սահմանների պաշտպանության համար թշնամու գնդակով զոհված զինվորի և կամավորի հիշատակը, երբ նույնինքն Երևանում ունենք լրջագույն խնդիրներ՝ սկսած կիսաքանդ պոլիկլինիկաներից, դպրոցներից, մանկապարտեզներից, քաղաքային ենթակառույցներից և բազմաթիվ այլ խնդիրներ – պարզապես անբարոյականություն է։

Թեեվ եզրափակիչ մեր հարցը պետք էր ուղղել Երեւանի Ավագանու մեծամասնությունը կազմող «Իմ քայլը» խմբակցության ու ազգը սևերի և սպիտակների բաժանող քաղաքապետին, սակայն հասկանալով որ դա անշնորհակալ գործ է, հարցը ուղղում ենք Երեւանի Ավագանիում «ընդդիմադիր»ներին․– 96,4 միլիոն ՀՀ դրամը ավելի արդունավետ ծախսելու ոչ մի առաջարկ չունէի՞ք։

Մեկնաբանությունները թողում ենք Ձեզ, սիրելի երևանցիներ»: