94 կողմ ձայնով․ ԱԺ-ն վավերացրեց ԱՄԿ «Բռնությա...

Հայաստանի Ազգային ժողովն 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ կոնվենցիայի դրույթները վերաբերում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածին. ըստ այդմ, նախատեսվում է կանխարգելել և բացառել աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունն՝ ընդգրկելով թե՛ աշխատողներին, թե՛ աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին ու նույնիսկ աշխատանքը դադարեցրած անձանց։ Այն միտված է նպաստելու գենդերային հավասարության ապահովմանը, կանանց տնտեսական ակտիվացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ 

Կոնվենցիայի վավերացումը նաև համահունչ է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի շրջանակում արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ սահմանված նպատակներին։

Հայաստանի օրենսդրությունում արդեն իսկ ամրագրված են հարկադիր աշխատանքի, խտրականության, բռնության և սեռական ոտնձգության արգելքները, սակայն կոնվենցիայի վավերացման գործընթացը ենթադրում է լրացուցիչ բարեփոխումներ։