911, 102, 101 հեռախոսահամարներին զուգահեռ կգո...

Դեռևս ոստիկանության բարեփոխումների առաջին փուլով ստեղծվել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որը տեխնիկապես և ծրագրային նորագույն լուծումներով ժամանակակից կենտրոն է և ապահովում է ոստիկանության արագ արձագանքը քաղաքացիների ահազանգերին, սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, որի պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կողմնորոշվելու, թե որ դեպքում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության նիստում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները։

«Քաղաքացին կարող է ճիշտ չկողմնորոշվել տվյալ իրավիճակում։ Բացի այդ, արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքի ապահովման գործընթացում արձանագրվում են կառավարման որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են լինում տարբեր մարմինների դերերի չկոորդինացված բաշխմամբ, տեղեկատվության ցրվածությամբ և օպերատիվ հաղորդակցության անբավարար համակարգերով։

Ուստի անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակների, իրավախախտումների, պատահարների վերաբերյալ բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն՝ մեկ միասնական հեռախոսահամարով։ Ըստ այդմ, առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը։

Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծման պայմանավորված, առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը, նրանց տեխնիկական համակարգերը իրենց ամբողջ ծավալով փոխանցելով նոր գրասենյակին։

Ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների՝ 1–02, 911, 101, փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ–ում առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսում դրական է գնահատվել նաև ՀՀ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։

1–02, 911 և 101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանց ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին և համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։

Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման և նաև շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը ևս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ»,– ընդգծեց փոխնախարարը։

Նա հավելեց, որ զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցվի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը մինչև 10 րոպե։

Փոխնախարարի խոսքով, այսօր զանգի սպասարկումը մոտ 18 վայրկյան է, իսկ զանգի միջին տևողությունը՝ 23 րոպե, իսկ 25-30 տոկոսի դեպքում ընդհանրապես, չեն հասցնում զանգին պատասխանել, հետո հետադարձ զանգ է կատարվում։