63 տարեկանը լավագույն տարիքն է փոքր և միջին բ...

Մեզ մոտ ընկալում կա, որ 63-ը թոշակի տարի՞ք է, այո, 63-ը թոշակի տարիք է, բայց ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք, իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տարվել է այդ գաղափարով։

«Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառու, 63 և բարձր տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև, 21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է։ Մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու է, վերջ, ավարտվեց։ Ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսում է, և մենք մեր թոշակառուների կամ մեր ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք։

Կադաստրի կոմիտեն շատ կարևոր մի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ հակադարձ հիպոթեկի ծրագիրը, որը, որը շատ կարևոր բան է։

Մենք այդպիսի բաների մասին չենք խոսում, մենք դրել ենք ազգային ավանդույթ ու մնացել ենք այդ վերնագրի տակ։ 63 տարեկան մարդը, երբ որ մնում է 63 տարեկան մարդու համար, մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանք, լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն։ Որովհետև երբ որ մարդը տնտեսապես պասիվանում է և մնում է տանը, դա և իր համար է պրոբլեմ, և իր ընտանիքի մնացած հատվածի համար։

Այսինքն մարդը  63-ից մինչև 80 տարեկան պիտի տանը նստի՞։ Ոչ։  Այդ մի ժամանակ էր 63 տարեկանը ծերություն, 65 տարեկանը ծերություն, 70 տարեկանը ծերություն, 75 տարեկանը ծերություն։ Ոչ, 63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է, որովհետև այն գիտելիքի պաշարը, որ կուտակվել է, որևէ մեկը չունի»,– հայտարարեց Փաշինյանը։