400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից՝ նշելով, որ փոփոխություն է կատարվել «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։
Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչև 400քմ բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում՝ ապահովելով մուտքի-ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը և քաղաքաշինական այլ նորմերը։
Փոփոխության շնորհիվ իրենց հողամասերում տուն կառուցելու հնարավորություն կստանան ՀՀ տարածքում արդեն իսկ առկա ավելի քան 45 000 փոքր հողակտորների սեփականատերերը։ 45 000-ից ավելի հողամաս կմտնի տնտեսական շրջանառության մեջ։
Հողամասերի նվազագույն մակերեսի սահմանափակման վերացումից կօգտվեն նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները, ովքեր հարցը բարձրաձայնել էին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Նրանց ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող են ձեռք բերել բնակելի կառուցապատման նշանակության մինչև 400 քմ հողամաս և կառուցել անհատական բնակելի տուն:
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սահմանափակման վերացումը հնարավորություն կտա առավել ճկուն իրականացնել բնակելի կառուցապատման ծրագրեր, խթանել գյուղական բնակավայրերում ընտանիքների բնակեցումը, ինչպես նաև ապահովել մասնավոր ներդրումների ներգրավման առավել բարենպաստ պայմաններ։



