««3+3» ձևաչափը կարող է խնդիր ստեղծել և արդեն ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում տարվող բանակցություններում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ սրա օրինակներից մեկն այն է, որ Ստոկհոլմում օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվեց հանդիպել ՀՀ ԱԳ նախարարին համանախագահների մասնակցությամբ, առանձին համանախագահների հետ հանդիպումից, սրան գումարվում է Ադրբեջանի կողմից որոշակի պարբերականությամբ հնչող հայտարարությունները, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի:
«Այս պարագայում առաջին խնդիրը, որը պետք է հասկանալ «3+3» ձևաչափի շրջանակում, առհասարակ ինչ հարցեր են քննարկվելու այդ ֆորմատում, դեռևս մեզ համար պարզ չէ, թե ինչ թեմաներ են առաջ քաշվելու: Այսինքն, կան հարցեր, որոնք որևէ ձևով հստակ չեն, հրապարակային չեն, դժվար է այս պահին վերջնական գնահատական հնչեցնելը»,- ասաց Տ. Աբրահամյանը:



