«3-4 մահացած երեխու եմ տեսել, մենք էինք վերցն...

«Ամսի 18-ին տանն եմ եղել։ Գիշերը բանակային կորպուսի հրամանատարը զանգել, կանչել է, ներկայացել եմ,  ասել է՝ հրդեհ է եղել Ազատ գյուղում, շուտ հասի՝ տես ինչ է եղել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ընթացքում ասաց գործով վկա Շիրազ Խաչատրյանը։

«Անմիջապես գնացել եմ Ազատ գյուղ, ժողովուրդը հավաքված էր, հրշեջ մեքենաներ կային, փորձել եմ ճշտել է՝ ինչ է եղել, այդ ժամանակ դեռ ոչինչ պարզ չէր։ Կես ժամ հետո Աղեկյանն Գոռն ասաց, որ որ սպան փորձել է բենզինի կանեստրայով վառել վառարանը, ու կանեստրան, անզգուշաբար, թե ոնց, շուռ է տվել դեպի զորանոց կողմը, որտեղ անձնակազմն է քնած եղել։ Զոհված երեխեքին հանելուց հետո պարզեցինք, որ 15 զոհ ունենք։ Հրշեջների աշխատանքներին ներկա եմ եղել, փորձել եմ ինչ–որ բանով օգնել, արագացնել իր գործընթացը՝ որ կարողանանք գոնե մի երեխու կենդանի հանել այդտեղից»,–իր ցուցմունքում նշեց Շիրազ Խաչատրյանը։

Նա նշեց, որ հրշեջ–փրկարարների հետ միասին մասնակցել է որոնողափրկարարական աշխատանքներին և որ իր օգնությամբ փրկարարները 4 զինվորի մարմին են հանել կացարանից։

Նշենք, որ այս պահին ընթանում է Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննվում է գործով վկա Շիրազ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։