25 տարվա մեջ առաջին անգամ Սիրիայի ԱԳ նախարարը...

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Ասաադ աշ-Շայբանին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը X միկրոբլոգում։

«Այսօր ԱՄՆ գանձապետարանի և պետքարտուղարության պաշտոնյաները հանդիպել են Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շայբանիի հետ։ ԱՄՆ գանձապետարանը համագործակցում է Սիրիայի հետ՝ պատասխանատու և անվտանգ կերպով վերամիավորելու նրա տնտեսությունը համաշխարհային ֆինանսական համակարգին՝ միաժամանակ պայքարելով ահաբեկչության ֆինանսավորման դեմ»,- նշվում է գրառման մեջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։

Իր հերթին, Syria TV-ն, վկայակոչելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, նշում է, որ նախարար աշ-Շայբանին մի շարք հանդիպումներ է անցկացրել Արիզոնայից կոնգրեսական Աբե Համադեի, խորհրդարանի անդամ Ջո Ուիլսոնի և ԱՄՆ մի քանի սենատորների, այդ թվում՝ Լինդսի Գրեհեմի հետ։ 

Նախարարությունը հայտարարել է, որ այս հանդիպումները «նախարարի ԱՄՆ կատարած պատմական այցի լայնածավալ բանակցությունների» մասն են կազմել։

Հայտարարության համաձայն՝ այցը պատմական է, քանի որ այն 25 տարվա ընթացքում Սիրիայի արտաքին գործերի նախարարի առաջինն այցն է ԱՄՆ, և կարևոր պահ է սիրիա-ամերիկյան հարաբերությունների տասնամյակների խզումից հետո։

Ավելի վաղ տեղեկությունների էին հաղորդվել, որ նախարար աշ-Շայբանին այցելել է Միացյալ Նահանգներ՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացմանն ու իսրայելական կողմի հետ ընթացող բանակցություններին առնչվող հարցեր։