25 երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին կոչ են արել...

25 երկրի արտգործնախարարներ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության ապահովման և դրանց հաղթահարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբն Իսրայելին կոչ են արել վերականգնել Գազայի հատվածից վիրավորների դուրսբերման համար հումանիտար միջանցքի գործունեությունը։

«Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Իսրայելին վերականգնել հումանիտար միջանցքը մինչև Արևմտյան ափ՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բժշկական տարհանումը Գազայից, և բուժառուները կարողանան ստանալ իրենց համար այնքան անհրաժեշտ բուժումը Պաղեստինի տարածքում», - ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ 

Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Լիտվայի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության ապահովման և դրանց հաղթահարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբը։ 

Հայտարարության հեղինակները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել, օրինակ, ֆինանսական հատկացումների կամ բժշկական անձնակազմի ուղարկման կամ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով։

Նրանք նաև Իսրայելին կոչ են արել վերացնել Գազայի հատվածին դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարման սահմանափակումները: