ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքին։ Նրա խոսքով՝ անավարտ են Աշտարակից Գյումրի հատվածները։ «Սկզբնական փուլում կենտրոնացել ենք այդ հատվածների աշխատանքները վերսկսելու և շինարարական պրոցես ունենալու վրա։ Եվ հիմա կարող եմ ասել, որ ունենք հետևյալ պատկերը՝ Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որ շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք։ Հաջորդը 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից Գյումրի՝ մոտ 23 կմ, որը կավարտվի այս տարեվերջին։ Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարվա ամռանն ավարտենք, ապա կունենանք Երևանից Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ»,- ասաց Սանոսյանը։ Նախարարի խոսքով՝ այս խնդիրները լուծելուց հետո կենտրոնացել են հարավային ուղղությամբ աշխատանքների վրա. «Առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, ՀՀ-Իրան սահմանից սկսած՝ Ագարակ-Քաջարան 32կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին ՀՀ ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով»։