2025 թվականին քրեական գործերի քանակն աճել է 3...

2025 թվականին Հայաստանում քրեական գործերի քննության ծավալներն աճել են շուրջ 30 տոկոսով։

Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը՝ նշելով, որ սա լուրջ ազդեցություն է թողնում դատական համակարգի ծանրաբեռնվածության վրա։

«Քրեական գործերի հետ կապված մենք մշտապես խոսում ենք գործի քննության ողջամիտ ժամկետների ապահովման մասին։ Սակայն այսօր մենք իրականում կանգնած ենք այն խնդրի առաջ, որ նախորդ տարի քրեական գործեր քննող դատավորները ստացել են շուրջ 10 հազար քրեական գործ», – նշեց Աթաբեկյանը։

Նրա խոսքով՝ մարզերում կան դատավորներ, որոնց տարեկան ստացված քրեական գործերի քանակը գերազանցում է 250-ը, իսկ որոշ դեպքերում՝ հասնում 290-ի։

«Եվ սա այն պարագայում, երբ այս թվերի մեջ ներառված չեն մինչդատական վարույթների նկատմամբ հսկողության գործերը, որոնք ընդհանուր դատարաններում հասնում են 25 հազարի»,-հավելեց նա։

ԲԴԽ նախագահը նաև նշեց, որ քրեական գործերի աճին մեծապես նպաստել է Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներին առնչվող գործերի կտրուկ աճը։

Նա տեղեկացրեց, որ դատական համակարգը քննարկումներ է ունեցել նման գործերի քանակը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։

«Այս գործերի աճի ֆոնին վերջին շրջանում մենք ապահովել ենք քրեական գործեր քննող 8 նոր դատավորի հաստիք»,-նշեց Աթաբեկյանը։