Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկամյա կտրվածքով աճել է 8.7 տոկոսով:
Այդ մասին նշված է 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:
Սեպտեմբերին օգոստոսի ցուցանիշը գերազանցվել է 6.6 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճը կազմել է 7 տոկոս:
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 12.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 123 մլրդ 520.8 մլն դրամ: Սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է 1.6 տոկոսի աճ՝ կազմելով 245 մլրդ 600.8 մլն դրամ: Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 4.6 տոկոսով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հունվար-սեպտեմբերին 1.8 տոկոսով է գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 628 մլրդ 664.6 մլն դրամ:
Հունվար-սեպտեմբերին շինարարության ծավալը 15.9 տոկոսով է գերազանցել 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 406 մլրդ 371.7 մլն դրամ: Սեպտեմբերին նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցվել է 5.7 տոկոսով՝ գնահատվելով 75 մլրդ 636.3 մլն դրամ: Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 14.7 տոկոսով:
Առևտրի շրջանառությունը հունվար-սեպտեմբերին 19.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 տրլն 418 մլրդ 461.8 մլն դրամ: Ընդ որում, օգոստոսի համեմատ սեպտեմբերին ծավալը կրճատվել է 0.5 տոկոսով՝ կազմելով 556 մլրդ 166.1 մլն դրամ: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 13.4 տոկոսի աճ:
Հունվար-սեպտեմբերին ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 5.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 444 մլրդ 300.9 մլն դրամ: Սեպտեմբերին այն 2.5 տոկոսով ցածր է եղել օգոստոսի ցուցանիշից՝ կազմելով 298 մլրդ 476.9 մլն դրամ: Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 11.6 տոկոսով:
Հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին գրանցվել է 0.2 տոկոսի աճ: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 0.6 տոկոսով:
Այս տարվա առաջին 9 ամիսներին արտադրվել է 3 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա՝ 6 մլրդ 851.5 մլն կՎտ/ժամ: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին արտադրվել է 10.9 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա (730.3 մլն կՎտ/ժամ): Դա 8.8 տոկոսով շատ է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից: Նշենք, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները:
Հունվար-սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.6 տոկոսով՝ կազմելով 280 հազար 256 դրամ: Սեպտեմբերին 1.2 տոկոսով պակաս է եղել օգոստոսի ցուցանիշից: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճը 6.8 տոկոս է՝ կազմելով 279 հազար 279 դրամ: