200 մլն դոլարը, որը Գագիկ Խաչատրյանը վճարել է...

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից հետո ոչ մի բանով հնարավոր չէ զարմացնել հասարակությանը, բացի մի բանից՝ եթե Նիկոլ Փաշինյանը թատերական ներկայացում բեմադրի իր մահափորձի հետ կապված: Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հասարակության ուշադրությունը շեղելու համար էր: Ձերբակալությունն ուշացած է և արդյունք չի տալու: Նիկոլ Փաշինյանը նախկին համակարգում հարստացածների հետ լեզու է գտնում և այս անգամ էլ երևի լեզու գտնեն. մենք չենք իմանա ինչքան փող մուծվեց Գագիկ Խաչատրյանը սև դրամարկղին,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը

Ասուլիսի մյուս բանախոս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ վարչապետին մեղադրեց կոռուպցիայի մեջ՝ հավելելով, որ մամուլում նշված 200 մլն դոլարը, որը Գագիկ Խաչատրյանը վճարել է պետությանը, Փաշինյանը գրպանել է․

«Խաչատրյանի ունեցվածքի մասին շատ են խոսել, որից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր։ Այսօր խրոխտ գնում են այդ մարդու տուն, խուզարկություն են անում տարիուկես հետո: Բացի այդ, ասացին, որ 200 մլն դոլար օգնել է հանրապետությանը, հետո էլ Նիկոլն ասաց, որ այդ գումարները չեն դնում բյուջե, զենք ենք առել...

Շատ բան ես արել, դա ուղիղ կոռուպցիա է, այն որ ասում էր, որ ով կոռուպցիայով զբաղվի՝ կբռնեմ, կնսեմացնեմ. դե քեզ մի հատ նսեմացրու, որովհետև այսօր դու առաջին կոռուպցիոներն ես... ոչ մեկի մտքով չի անցել, որ 200 մլն դոլարը վերցնի, դնի գրպանը և ասի զենք եմ առել»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝  այդ գումարը կարող էին դնել բյուջե և հանրությանը ներկայացնել, թե ինչպես են ծախսել։

«Պետք է դնեիր բյուջե, «ժող ջան»-ը և «հպարտ»-ը միասին նայեր, տեսներ, ծափ տար և ասեր՝ այս ինչ լավ էր, Նիկոլ: Բայց դրել ես, հավանաբար, բարձիդ տակ, ի՞նչ իմանանք, այդ ինքնաթիռն ինչքանո՞վ ես առել, ի՞նչ ռեսուրսով ես առել»,- հավելեց ԱԱԾ պետի նախկին տեղակալը։