2 շաբաթ առաջ թեստավորում իրականացնում էին 6-7...

«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը գրում է.

Հարգելի Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Տեղյակ եմ, որ ՊՇՌ թեստ իրականացնողների ոլորտը մրցակցային է (հանձնաժողովի նախկինում արված հայտարարության համաձայն՝ 1. դաշտում գործում են 10-ից ավել տնտեսավարող սուբյեկտներ, 2. չկան գերիշխող դիրք ունեցողներ, 3. թեստավորման գները տատանվում են 8 000-15 000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 000 դրամ):

Տեղյակ եմ նաև, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի:

Սակայն այն կազմակերպությունները, որոնք 2 շաբաթ առաջ թեստավորում իրականացնում էին 6-7 հազար դրամ գների սահմաններում, այլևս հրաժարվում են նույն գներով իրականացնել և առաջարկում են առնվազն 10 հազար դրամ:

Ինչ հետևություն կարող է անել շարքային, միջին վիճակագրական քաղաքացին՝ կամ փոխհամաձայնեցված գները բարձրացրել են բնակչությանն ունեզրկելու և գերշահույթներ ստանալու համար կամ առնվազն հիմնավոր կասկած կա, որ հրահանգված են գները բարձրացնելու համար»: 

Փայլակ Թադևոսյանի գրառմանն արձագանքել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը՝ գրելով. «Հայտնում ենք, որ Հանձնաժողովը ներկայում ևս գործընթաց է իրականացնում վերոնշյալ ծառայությունների մատուցման ոլորտում, որի շրջանակում հարցումներ են ուղարկվել պետական լիազոր մարմիններին և ՊՇՌ թեստեր իրականացնող բոլոր տնտեսավաորղ սուբյեկտներին՝ ոլորտի մրցակցային իրավիճակը գնահատելու և տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով։

Հավաքագրված տեղեկատվության արդյունքներն ամփոփելուց հետո Հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ»: