1990-ականներին Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել...

1994 թվականին Բորիս Ելցինը Բիլ Քլինթոնի հետ քննարկում է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, սակայն Գերմանիայի իշխանությունները դեմ են եղել Մոսկվային դաշինք ընդունելուն։ Այս մասին տեղեկացել է Der Spiegel ամսագիրը՝ վերլուծելով այդ ժամանակվա գաղտնի փաստաթղթերը։ Դրանց թվում են եղել կանցլեր Հելմուտ Կոլի՝ Քլինթոնին ուղղված նամակները, Մոսկվայում և Վաշինգտոնում գերմանացի դիվանագետների զեկույցները, ինչպես նաև ներքին փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Գերմանիայի այդ ժամանակվա արտգործնախարար Կլաուս Կինկելի համար։

Ըստ այդ աղբյուրների՝ Բիլ Քլինթոնը դիտարկել է Մոսկվային դաշինք ընդունելու տարբերակը և 1994 թվականի սեպտեմբերին Ելցինին ասել է, որ․ «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես երբեք չեմ բացառել Ռուսաստանի անդամակցությունը... Իմ նպատակն է աշխատել ձեր և մյուսների հետ՝ իսկապես միասնական, անբաժան, ինտեգրված Եվրոպայի համար լավագույն պայմաններ ստեղծելու համար»։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում այս դիրքորոշումը չէին կիսում։ «Երբ խոսք էր գնում ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության մասին, Գերմանիայի կառավարությունը նույնքան ճկուն էր, որքան բետոնը»,- գրում է Der Spiegel-ը։

Գերմանիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ֆոլկեր Ռյուհեն կարծում էր, որ Մոսկվայի անդամակցությունը դաշինքին՝ ՆԱՏՕ-ի համար «մահվան վկայական» կլինի, հաղորդում է DW-ն: Գերմանիան վստահ էր, որ նման սցենարում ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնությունները չափազանց մեծ կլինեն և կազմակերպության ձեռքերը կապված կլինեն: Բացի այդ, դաշինքը համարվում էր «ռուսական անկայունության դեմ ապահովագրություն», որը չէր գործի, եթե Մոսկվան դրա մաս կազմեր: Կար նաև վախ, որ եթե Մոսկվան միանա ՆԱՏՕ-ին, արևմտյան զինվորները կարող են ստիպված լինել «պաշտպանել Ռուսաստանը Չինաստանի և Մոնղոլիայի հետ սահմանին»: