Բացահայտվել է օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության դեպքը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2023 թ. օգոստոսի 24-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան փողոցի շենքերից մեկի հարակից այգում տուժողի եղբոր հետ նախկինում տեղի ունեցած անձնական բնույթի վեճի կապակցությամբ 17-ամյա երիտասարդը հանդիպել է վերջինիս ավագ եղբորը՝ 18-ամյա երիտասարդին:
Վիճաբանության ընթացքում 17-ամյա երիտասարդն իր ձեռքին եղած սուր կտրող-ծակող գործիքով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
2023 թ. օգոստոսի 25-ին 17-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն Շենգավիթի բաժին։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



