12 նահանգ Թրամփին դատի է տվել նրա սահմանած մա...

Ամերիկյան տասներկու նահանգ հայց է հարուցել ԱՄՆ Միջազգային առևտրի հարցերով դատարանում՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին նշված է դատական հայցում:

«Վերջին երեք ամիսների ընթացքում նախագահը սահմանել, փոփոխել, բարձրացրել է մաքսատուրքերը, կասեցրել դրանց գործողությունը՝ ստորագրելով կատարողական հրամանագրեր և  հուշագրեր, գրառումներ հրապարակելով սոցիալական ցանցերում: Այդ հրամանագրերն արտացոլում են երկրի առևտրային քաղաքականության վիճակը, որն այժմ կախված է նախագահի քմահաճություններից, այլ ոչ թե հենվում է նրա կողմից իր օրինական  լիազորությունների արդյունավետ իրականացման վրա: Իրեն իրավունք վերապահելով սահմանելու բարձր և մշտապես  փոփոխվող մաքսատուրքեր Միացյալ Նահանգներին մատակարարվող այն սպրանքների համար, որ նա ընտրում է, ցանկացած պատճառով, որ նա հարմար է համարում արտակարգ դրություն սահմանելու համար, նախագահը խախտել է սահմանադրական կարգը և քաոս առաջացրել ամերիկյան տնտեսության մեջ», - ասված է դատական ​​փաստաթղթում։

Բացի տնտեսությանը վնաս պատճառելուց, ԱՄՆ վարչակազմին մեղադրում են անհիմն կերպով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մեջ, որպեսզի մաքսատուրքային քաղաքականությունը փոխվի՝ շրջանցելով Կոնգրեսը։

Դատարան դիմելու նախաձեռնողներն են Օրեգոնի, Արիզոնայի, Վերմոնտի, Դելավերի, Իլինոյսի, Կոլորադոյի, Կոնեկտիկուտի, Մինեսոտայի, Մենի, Նևադայի, Նյու Յորքի և Նյու Մեքսիկոյի նահանգները: Որպես պատասխանողներ նշված են Դոնալդ Թրամփը, ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, մաքսային և սահմանապահ վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Փիթեր Ֆլորեսը: