1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի գլխավորած պատվիրակության համար համայնքային բյուջեից ձեռք են բերվել 1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ դեպի Սանկտ Պետերբուրգ։ Տոմսերի գնման վերաբերյալ տվյալները հրապարակվել են պետական գնումների հարթակում, ըստ որի՝ գնումը կատարվել է փետրվարի 2-ին։

Համաձայն առկա տեղեկությունների՝ գործուղմանը մասնակցել է 5 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Սակայն Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայքում և տեղեկատվական հարթակներում այցի նպատակի, արդյունքների կամ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվել։

Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող գործուղումների դեպքում ընդունված պրակտիկա է՝ հանրությանը ներկայացնել այցի հիմնավորումը, հանդիպումների շրջանակը և ակնկալվող արդյունքները՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն։

Տվյալ դեպքում, չնայած զգալի ծախսին, հանրությանը հասանելի տեղեկատվություն չկա, թե ինչ նպատակով է իրականացվել Սանկտ Պետերբուրգ այցը, ինչ հանդիպումներ են տեղի ունեցել և ինչ արդյունքներ են արձանագրվել համայնքի համար։