Հնարավոր է Անկարան դառնա սիրալիր Հայաստանի հե...

Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ լարված եւ տհաճություններով լի։ Ու չնայած Անկարան Վաշինգտոնում նոր դեսպան ունի, սակայն կարծես թե թուլացում երկկողմ հարաբերություններում նկատված լարվածության, չի նկատվում։

Մարտի հինգին կոնգրեսականները նամակով դիմել են Պետքարտուղար Թոնի Բլինկենին խնդրելով պարզաբանել, որ օտարերկրյա անվտանգության աշխատակիցները չեն կարող օգտվել իրենց իմունիտետից, ճնշելու համար խաղաղ ցուցարարներին։ Այստեղ խոսքը չորս տարվա վաղեմության մի դեպքի մասին է, որ տեղի է ունեցել ԱՄՆ-ում։ Այն ժամանակ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա։ Այս կերպ Կոնգրեսը կարծես թե վերաբերմունք է արտահայտում այս դեպքի հանդեպ, առաջնայնություն տալով մարդկանց՝ խաղաղ ցույց անելու իրավունքին։ Հիշեցնենք, որ ցուցարարների մեջ կային նաեւ հայ համայնքի անդամներ։

Սակայն այս ամենով չէ, որ լարվածությունն ավարտվում է։ Առաջիկայում ապրիլի քսանչորսն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը եւ Անկարայի համար Ամերիկայի հետ հարաբերությունների լարվածության այս փուլում հավելյալ դեպրեսիվ իրավիճակ կարող է լինել, եթե հանկարծ Բայդենը իր ելույթում օգտագործի «Հայոց Ցեղասպանություն» բառակապակցությունը կամ գործող վարչակազմը քայլեր ձեռնարկի Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հատկապես, որ Սենատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը երկկուսակցական ստորագրահավաք է անցկացնում, որով կոչ է ուղղվելու նախագահ Բայդենին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։

Թուրքիան այս «հայկական թեմատիկայի» հետ կապված հարցերից հատկապես անհանգստանում է եւ ընկնում դեպրեսիայի մեջ։ Այս իրավիճակում հնարավոր է, որ Անկարան դառնա սիրալիր Հայաստանի հետ, որպեսզի այդ կերպ ինչ որ խութեր ստեղծի ամերիկյան վարչակազմի համար, քանի որ «զինանոցում» այլ գործիքակազմ պարզապես չունի եւ ռուս-թուրքական սիրավեպը ԱՄՆ-ին չափազանց խորն է խոցել։