Ալիևը «բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստան...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները»։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է АПА-ն։

«Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերջերս հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով, պետության ղեկավարը նշել է. «Հաջորդ հանդիպումը ծրագրված է լինելու Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- հայտնում է հրատարակությունը։

Ալիևն անդրադարձել է սահմանազատման գործընթացին՝ հայտարարելով «1990 և 1992 թվականներին օկուպացված 4 ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին»։ Նշելով, որ այսօր առավոտյան Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը, պետության ղեկավարն ընդգծել է. «Այսինքն՝ խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ օգնել այս հարցում»։