«Զվարթնոց» օդանավակայանում ներկա ռուս սահմանապահների և նրանց աշխատանքի դադարեցման մասին Հայաստանի հայտարարությունները չեն նպաստի հանրապետության անվտանգությանը. Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կայացվելու են միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, և, նախնական առումով, ցանկանում ենք նշել, որ նշված հայտարարությունը հայկական կողմից արվել է մի ամբողջ շարք ոչ բարեկամական քայլերի ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք երկար տարիներ ուս ուսի տված ռուս և հայ սահմանապահները արդյունավետորեն կատարել են»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ հայկական կողմից համապատասխան ծանուցումը «ուղարկվել է գերատեսչական գծով»։ «Մենք դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակ են հղել իրենց ռուս գործընկերներին՝ տեղեկացնելով, որ հայ սահմանապահներն ունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն ծառայություն իրականացնելու համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս սահմանապահներն օդանավակայանում կդադարեցնեն ծառայությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից։