Զինված ուժերում ի հայտ են գալիս շատ խնդիրներ, քանի որ այնտեղ խնդրահարույց իրավիճակներ են լինում, որոնք հանգեցնում են ինքնասպանությունների, ինքնավնասումների և սա ընդհանուր դաշտը դարձնում է խնդրահարույց: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Շատ դեպքերում ԶՈւ-երում միջավայրն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է երբեմն ունենում, որը հանգեցնում է ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների ինքնավնասումների դեպքերի և այլն: Բնականաբար, սա ընդհանուր դաշտն է դարձնում խնդրահարույց, նաև քաղաքացիների մոտեցումներն այս հարցի վերաբերյալ»,- ասաց Մանասյանը:
ՄԻՊ-ի խոսքով՝ Զինված ուժերում նման դեպքերը բացառելու համար շատ կարևոր է հասարակության կրթությունը, սակայն շատ կարևոր է պետության դերը:
«Միգուցե, դրական դինամիկա ունենք, բայց ես համարում եմ, որ այս մասով շատ խնդրահարույց թերություններ ունենք։ Պետությունն իր պարտավորությունները պետք է անմիջական կատարի։
Զինված ուժերում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է, ինչպես նաև այնտեղ տիրող բարքերի արդյունք է։ Պետությունն ամեն ինչ պետք է անի, որ ԶՈՒ-ում բացառի ոչ կանոնակարգային հարաբերությունները, ինքնասպանությունները, ինքնավնասումները և ցանկացած տեսակի վատ հարաբերությունները»,- ասաց նա։