Հազար խոշոր հարկատուների ցուցակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ զիջել է դիրքերը եւ պետբյուջե վճարել է 35,4 միլիարդ դրամ հարկ։ Կոմբինատի հարկերը այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 15,4 միլիարդ։
Առաջաին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ԶՊՄԿ-ն սկսել է ավելի քիչ հարկեր վճարել, բայց իրականում նախորդ տարվա համեմատ հարկերի քիչ վճարումը տրամաբանական բացատրություն ունի։
Նախ նկատենք, որ նախորդ տարվա 35,4 միլիարդից 15 միլիարդը կոնկրետ քրեական գործի շրջանակում ԶՊՄԿ-ի նախորդ սեփականատերերի կողմից բյուջե վճարված միջոցն է։ Այս մասին 2022 թվականի մարտի 4-ի կառավարության նիստում հայտարարել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը․ «Կարող ենք արձանագրել, որ գործի շրջանակում պետական բյուջե վերականգնված աննախադեպ՝ շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ գումարը, վերջին տարիներին քրեական գործի շրջանակում ամենախոշոր վերականգնումն է»,-ասել էր Բադասյանը:
Նախորդ տարվա համեմատ հարկերի պակաս թիվը կապված է նաև դոլարի արժեզրկման հետ։ Այս տարի նախորդ տարվա համեմատ դոլարն արժեզրկվել է ավելի քան 20 տոկոսով։ Նկատենք, որ ԶՊՄԿ-ն իր արտադրանքը արտահանում է և դրա դիմաց ստանում է արտարժույթ, իսկ ծախսերը կատարում է դրամով։ Դոլար-դրամ հարաբերակցությունը ինչպես տեսնում ենք ևս էական ազդեցություն է ունեցել այս տարվա վճարված հարկերի չափի վրա։
Վճարված հարկերի նվազման վրա էական ազդեցություն է ունեցել նաև պղնձի խտանյութի գնանկումը՝ 20 տոկոսի չափով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ տոննա պղնձի խտանյութի գինը 10 հազար դոլար էր, իսկ այս տարի 7800-8000 դոլար։
Նկատենք նաև, որ 2022 թվականին գործել է հում հանքաքարի արտահանման տուրք՝ պղնձի դեպքում 160 հազար դրամ մեկ տոննայի համար, իսկ մոլիբդենի համար 800 հազար մեկ տոննայի համար։ Այս տուրքը վճարած հարկերի մեջ կազմում էր ընդամենը 5-6 տոկոս։ Այսինքն այս հարկատեսակով 22 թվականի առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն վճարել է 1 մլրդ դրամ հարկ։ 2023 թվականից այս հարկատեսակը չի գործում։
Եղած տվյալները ցույց են տալիս, որ եթե նախորդ տարվա անոմալ վճարները հանում ենք, ապա այս տարի ԶՊՄԿ-ն իրականում նախորդ տարիների համեմատ աննախադեպ հարկ է վճարել։ Ներքևում բերված տվյալները հստակ պատկերը ցույց են տալիս։




