ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավա...

ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար «Ալֆայի Չիկոն»՝ Արամ Գասպարյանը, ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

Փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, թե այսօր Արամ Գասպարյանի ծննդյան օրն է ու, երբ արդարադատությունը իրականացվում է նման պայմաններում, այն էլ ավելի արժեքավոր է դառնում:

«Այսօր տրվեց անարդարության վերջը»,- նշեց նա:

Վարդևանյանը հրաժարվեց ասել, թե որքան գրավի դիմաց է ազատվել իր պաշտպանյալը:

Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին:

Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց, սակայն, կրկին կալանավորվել:

Ըստ մեղադրանքի՝ Արամ Գասպարյանը, նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը:

Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։