Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ, որին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը, ամփոփել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները:
Կողմերն անդրադարձել են նաև 2026 թվականի համար պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Երկուստեք կարևորվել է կրթական, մասնագիտական վերապատրաստման, վարժանքների և զորավարժությունների, տարբեր բնագավառներում փորձի փոխանակման միջոցառումների անցկացումը Հայաստանում և Հնդկաստանում:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման ուղղությունները՝ ընդգծելով պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության կարևորությունն այս գործընթացում:



