Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մե...

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում փոխվում է պատվարի ամրաշինական աշխատանքների իրականացման մեթոդը։

Ընկերության հաղորդմամբ՝ շուրջ 50 տարի կիրառված մեթոդը փոխելու առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային մասնագետները։ Նշվում է, որ նոր մոտեցումը հնարավորություն կտա բարձրացնել պատվարի կայունությունն ու սեյսմակայունությունը և նվազեցնել հնարավոր ռիսկերը։

Ներկայում պատվարի բարձրացման համար անհրաժեշտ քարագրունտային լցանյութը վերցվում է պոչամբարի տարածքից։ Հետագայում նախատեսվում է անհրաժեշտ լեռնային զանգվածը տեղափոխել Կապան քաղաքի վարչական տարածքից։ Ըստ ընկերության՝ դրա արդյունքում Կապանի վարչական տարածքում կավելանան հարթ տարածքները։

Նոր մեթոդի կիրառմամբ նախատեսվում է նաև արագացնել պոչանքի ջրազրկման գործընթացը։ Հավաքված ջուրը կուղղվի գործող տեխնիկական պոմպակայան և կօգտագործվի փոշենստեցման, ինչպես նաև կանաչապատ տարածքների ոռոգման նպատակով։