Զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է ա...

Վերջին 20 տարիների տվյալներով զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30-40 տոկոսը։ 

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Միայն 2020–2024 թվականների ընթացքում 8721 արական սեռի ՀՀ քաղաքացի մինչև 18 տարեկանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Երկրորդ՝ մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում։ Նշեմ, որ 37 տարին դա վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010–2024 թվականներին քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ զորակոչից խուսափելու դեպքերով հարուցված շուրջ 2500 գործ կարճվել է հենց վաղեմության հիմքով»,- ասաց Սարգսյանը։ 

Սարգսյանի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների և տարեկետում ստացողների ավելի քան 80 տոկոսը համապատասխան տեղեկանքներ են ներկայացրել առողջական խնդիրների հիմքով։