Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ...

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով ԵԱՀԿ-ում Սլովակիայի հաջող նախագահությունը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ հայտնել է Հայաստանի աջակցությունը անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:

Գործընկերներն առանձնահատուկ կարևորել են ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու և ԵԱՀԿ գործիքակազմի կիրարկման համար բավարար կամքի դրսևորման անհրաժեշտությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ մեծապես կարևորելով այդ գործընթացում ԵԱՀԿ կառույցների շարունակական աջակցությունը:

Նախարար Լայչակի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը: Ներկայացնելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Արցախի՝ գործընթացի նկատմամբ սեփականության զգացումի ընդլայնման և ամրապնդման կարևորությունը: