Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայիս ձեւաչափով կարող է կորցնել իր նախկին դերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության համատեքստում։ Այս մասին հաղորդել է The New York Times թերթը։
Պարբերականի գնահատմամբ՝ ՆԱՏՕ դիրքորոշումն արդեն այնքան էլ կայուն չէ՝ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունների եւ գործողությունների պատճառով, այդ թվում՝ Գրենլանդիայի վերաբերյալ։ Սկզբում Թրամփը հնարավոր էր համարում ուժի կիրառումը Դանիայի դեմ եւ առեւտրային սահմանափակումներ սահմանելը, սակայն այս շաբաթ նա հայտարարել է կղզու շուրջ անվտանգության հարցերի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի նախապատրաստման մասին։
Սակայն Գրենլանդիայի ճգնաժամն ինքնին ամրապնդել է դաշինքի անդամ երկրների կասկածները ԱՄՆ անվտանգության երաշխիքների հուսալիության վերաբերյալ, նշել է NYT-ը։
Հրապարակման հեղինակները նշել են, որ «ՆԱՏՕ-ն, ինչպես այն հայտնի է եղել ավելի քան 75 տարի՝ որպես տրանսատլանտյան անվտանգության հիմք, մոտենում է իր ավարտին»։
Հոդվածում նաեւ ընդգծվել է, որ եվրոպական պետություններն ունեն բավարար տնտեսական եւ ռազմական ռեսուրսներ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար, սակայն չեն բավականացնում քաղաքական կամքը եւ համախմբվածությունը։ ԱՄՆ դերի հնարավոր թուլացման ֆոնին եվրոպական երկրները մեծացնում են պաշտպանական ծախսերը եւ քննարկում սեփական ռազմական ինքնավարության ամրապնդումը։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է ԱՄՆ-ին կղզու միանալու անհրաժեշտության մասին։



