Զինված ադրբեջանցու արարքը ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման կարող է տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:
«Վստահ եմ, որ բացի ներթափանցման, պետական սահմանի ապօրինի հատման և մի շարք այլ հանգամանքներից, մենք ունենք նաև մարդու կյանքի դեմ ոտնձգության դեպք, որը ոչ թե միայն մեկ մարդու հանդեպ է, այլ նաև երեխաների, հետևաբար ոտնձգությունը մի խումբ անձանց նկատմամբ է եղել, և ըստ էության այն նկարագիրը, որը լսել եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման հնարավորություն կարող է դիտարկվել, որովհետև կարծես անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետևանքը: Ադրբեջանցու ազգային պատկանելիությունը կարծում եմ տեղին է ընդգծել, որովհետև դա փաստական տվյալ է, իր մտադրությունը եղել է ընդհուպ մինչև այդպիսին։
Այլ հարց է, որ մենք գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, որտեղ մայրական բնազդն է գործել: Կարևորում եմ այն փաստը, որ այս պահին անձը կալանավորված է, բայց ինձ համար դեռևս հասկանալի չէ, թե ինչու նախաքննության ավարտը դեռ չկա և գործը չի ուղարկվել դատարան։ Կարծում եմ, որ նշված դեպքը կարող էր լինել նաև դռնբաց դատական նիստի առարկա, որովհետև հատուկ գաղտնիության ռեժիմ չեմ տեսնում, բայց այն, որ այստեղ գնահատականը պետք է լինի մեղադրանքի տեսանկյունից առավել քան խիստ և դրա բոլոր հիմքերը կան, դա ակնհայտ է: Նշված անձի գործողություններին Հայաստանի Հանրապետությունում պետք է տրվի պատշաճ և գործի հանգամանքներից բխող խիստ իրավական գնահատական»,- նշել է Վարդևանյանը:



