Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի մեկնարկից ի վեր Եգիպտոսն ավելի քան 5 հազար բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել անկլավ։ Եգիպտոսի ԱԳՆ-ը համապատասխան հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունների։
«Եգիպտոսը հավանություն չի տալիս Նեթանյահուի հռետորաբանությանը ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, քանի որ նման հայտարարությունները արժեզրկում են այն բոլոր ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազային օգնելու համար։
Զինադադարի սկզբից ի վեր եգիպտական կողմից անկլավ է մտել հումանիտար պարագաներով 5 հազար մեքենա, իսկ վիրավորների, հիվանդների և երկքաղաքացիների համար զգալիորեն պարզեցվել է Գազայից ելքը»,- ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ Իսրայելի կաբինետի ղեկավարը Fox News-ին տված հարցազրույցում մեղադրել էր Կահիրեին Գազայի հատվածից պաղեստինցիներին անկլավը լքելը թույլ չտալու մեջ։



