«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում երեկ` հուլիսի 13-ին, արդեն չորրորդ անգամ երկարաձգվեց դեռ մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը: Եվ մինչ Հայաստանը իր ներսում պայքարում էր անտեսանելի թշնամու դեմ, լարվեց իրավիճակը արդեն հայ-ադրբեջանական սահմանին, եւ, ներքին թշնամու դեմ պայքարելուց բացի, սկսվեց պայքար նաեւ արտաքին թշնամու դեմ: Գաղտնիք չէ, որ սահմանին լարվածության պարագայում ընթանում է նաեւ տեղեկատվական պատերազմ, որի մեջ երեկ հայտնվեց նաեւ Հայաստանը: Իսկ ի՞նչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում։
Մի խումբ հավաքի փորձեր էր անում, խորհրդարանում ԲՀԿ-ն, արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները միասին պայքարում էին երկրում բողոքի ցույցերը թույլատրելու համար:
Այսինքն՝ ադրբեջանական կողմից սանձազերծած իրավիճակը նաեւ յուրօրինակ թեստ եղավ ինչպես իշխանությունների, ընդդիմության, այնպես էլ լրատվամիջոցների համար:
Շատ կայքեր՝ նույնիսկ ընդդիմադիր ուղղվածություններ ունեցող, մեծամասամբ սպասում էին ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը եւ միայն դա հրապարակում, սակայն եղան արկածախնդիրներ, որոնք Հայաստանի սահմանի աննախադեպ ռազմական գործողությունները մատուցեցին ադրբեջանական լույսի նորքո։
Ի ուրախություն բոլորիս՝ հայկական բանակը կարողացավ լուծել իր առջեւ դրված քաղաքական խնդիրը՝ առանց մարդկային զոհերի` ի տարբերություն Ապրիլյան պատերազմի հանգուցալուծման՝ 800 հա «անպիտան տարածքների» կորստի գնով։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ սկսել է հրետակոծությունը, որը շարունակվեց նաեւ մյուս օրը: Եվ, ահա, առաջին անգամ Հայաստանը սահմանային լարվածության մասով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը պետք է երեկ արտահերթ նիստ անցկացներ, սակայն այն հետաձգվեց` որպես պատճառաբանություն նշելով, թե նոր տեղեկություններ են անհրաժեշտ այն անցկացնելու համար:
Միեւնույն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է համաձայն լինեն հայտարարության տեքստին եւ միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ սա հարձակում է եղել, հայտարարություն կլինի: «Դեռ պետք է ապացուցվի, որ սա հարձակում է եղել Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե սահմանային միջադեպ: Հենց փաստերի ուսումնասիրումն էր նիստի հետաձգման պատճառը»,-նկատեց նա: Թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կհայտնի ՀԱՊԿ-ը, դժվար է ասել, սակայն հայկական կողմի ներկայացված փաստերը կարող են շատ բան փոխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



