«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դիմելէ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միությունը գրավոր կամ բանավոր (հստակ ճշտել չհաջողվեց) հարցադրումներ է արել ՀՀ ԱԱԾ-ին եւ սպասում է պատասխաններին:
Իսկ ինչից հետո է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ սպաների պահեստազորի սպաների միությանը, նրանց անվանել էր «խոպանչիների բրիգադ», ինչպես նաեւ նշել էր, որ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՝ հասկանալու համար՝ քանի երկրի «շպիոն» են նրանք: Ընդհանրապես, վարչապետի խոսքերից կարելի էր հասկանալ, որ նա «խոպանչիներ», դավաճաններ ու լրտեսներ է համարում ԱԱԾ ներկա ու նախկին բոլոր աշխատակիցներին, բայց առանձնապես նշում է սպաների միության մասին, քանի որ նրանք են համարձակություն ունեցել խոսել, քննադատել:
Այս հայտարարությունից հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը արձագանքեց, բայց բավականին մեղմ:
Այս կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միությունը գրավոր կամ բանավոր կոնկրետ հարցեր է ուղղել եւ սպառիչ պարզաբանում պահանջել, թե վարչապետի հայտարարության համար ի՞նչն է առիթ եղել, եւ կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված եղել ելույթը:«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից, թե արդյո՞ք դիմել են ԱԱԾ, գրավո՞ր են դիմել, թե՞ բանավոր, սակայն միությունից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, թե՝ բավարարվեք միության էջում արված հայտարարությամբ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր հետաքննությունը՝ հասկանալու համար՝ ի վերջո ԱԱԾ-ն նման դիմում ստացե՞լ է, թե՞ ոչ եւ, եթե ստացել է, ապա ի՞նչ է պատասխանել:
Տրամաբանորեն ենթադրվում է, որ ԱԱԾ-ից պատախանը ստանալուց հետո միությունը օբյեկտիվ գնահատական կհնչեցնի՝ վարչապետի վերոհիշյալ հայտարարության առիթով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։