Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հետ համագործակցությունը, կարծում եմ, որ պետք է տեղի ունենա ընտրություններից հետո: Այս մասին «Հայաքվե»-ի ասուլիս-շնորհանդեսի ժամանակ ասել է «Հայաքվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
Անդրադառնալով բացառություններին՝ Չալաբյանը նշել է, որ բացառում են գործող վարչախմբի, նրա արբանյակների, և նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հետ դաշինքները:
«Կբացառենք գործող վարչախմբի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ավելի ռադիկալ տարբերակին, վերջինիս բացարձակ արբանյակ՝ «Հանրապետություն» կուսակցության հետ դաշինքները: Ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության առումով կարող եմ ասել, որ վերջիններս պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ, չի կարելի ընտրությունների գնալ 25 տարբեր կուսակցություններով, եթե մենք համոզված չլինենք, որ ընտրություններում հաղթելու ենք, ավելի լավ է ընտրություններից դուրս գանք ու մեր ձայները փոխանցենք այլ քաղաքական ուժի, քան թույլ տանք, որ վարչակարգը մեր ձայների հաշվին վերարտադրվի:
Իրական համագործակցության պահը գալիս է այն ժամանակ, երբ հասկանում ես, թե ժողովուրդը որ ուժին ինչ մանդատ է տվել և ինչպիսի ընդհանուր քաղաքական ուժի շուրջ կարող ես համաձայնվել: Գերակշիռ է այն ուժի կարծիքն ու մոտեցումը, որը 20 տոկոս ձայն է ստացել, ուստի, բոլոր հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ընտրություններից հետո»,- նշել է նա:



