«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իր ելույթը վերնագրել է «Փոխադարձ առավելությունների գաղտնիքը և ապաշրջափակման նշաձողի իջեցումը», հիշեցնելով որ 2022 թ-ին Փաշինյանն ԱԺ-ից հայտարարում էր, որ միջազգային գործընկերները պահանջում են իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, բայց թե ովքեր էին այդ միջազգային գործընկերները՝ Փաշինյանը ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո չպատասխանեց, չպատասխանեց նաև հարցին, թե ինչքան են պատրաստվում իջեցնել նշաձողը։
«Հիմա տեսնում ենք, որ այդ նշաձողը ոչ թե իջեցրել եք հատակի մակարդակի, այլ մի հատ էլ փոս եք փորել ու մեջը թաղել, ու հիմա անգամ Արցախ բառն եք վախենում ասել»,-ասաց նա՝ անդրադառնալով իշխանությունների թեզին, թե ՀՀ շրջափակումը ճեղքվել է։
Խաչատրյանը նշեց, որ իշխանական գործընկերները հայտարարում են, որ սահմանը բացվել է։
«Ո՞ր սահմանն է բացվել, Հայաստան- Ադրբեջան սահմանը բացվե՞լ է։ Կասեք, որն է սահմանային անցման կետը, ասեք, եկեք միասին անցնենք, 25 հոգով ելույթ եք ունեցել, եկեք գնանք, անցնենք։
Մյուս մեր գործընկերն ասում է՝ նոր դուռ է բացվել. Պետրոս Մեծն է, նա պատուհան էր բացում դեպի Եվրոպա, իսկ էս մարդը դուռ է բացել դեպի «դուշման դարասի»։ Ժողովուրդ, ձե՞ռք եք առնում, Վրաստանով է գալու, Վրաստանը փա՞կ էր, պիտի փակվե՞ր»,-ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով ճանապարհին, որ տալիս է Հայաստանն Ադրբեջանին՝ նա ընդգծեց. «Հայաստանը Ադրբեջանին միջանցք է տալիս, ով ինչպես ուզում է, թող անվանի՝ դա միջանցք է, որովհետև «անխոչընդոտը» միջանցքն է։ ստացվում է՝ մենք տալիս ենք միջանցք, Ադրբեջանը թույլ է տալիս 1 անգամ Ակտաուից ցորեն բերել Հայաստան, սա է ձեր շրջափակման ճեղքումը»։



