Ժնեւյան կոնվենցիաների համաձայն՝ Ցեղասպանությա...

Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։ Այս մասին հայտարարել է անկախ միջազգային փորձագետ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի եւ Յեյլի համալսարանների նախկին պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ։

«Ես ուսումնասիրել եմ խնդիրը։ Այն շատ պարզ է: Ժնեւյան կոնվենցիաների համաձայն՝ Ցեղասպանության ձեւերից մեկը խմբի ֆիզիկական ոչնչացման համար պայմաններ ստեղծելն է։ Հենց դա է տեղի ունենում Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ ՄՔԴ-ի որոշմամբ Լաչինի միջանցքը պետք է բացվեր, սակայն նրանք անտեսել են այդ որոշումը։ ԿԽՄԿ-ի հայտարարությունը հաստատում է, որ հնարավոր չէ պարենամթերք եւ դեղորայք տեղափոխել։ Սովը նույնպես ցեղասպանություն է։ Ինչպե՞ս կանխել այն: Պատասխանատվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն պետք է այնպես անեն, որ փոխեն իրավիճակը՝ չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը նրանց բաժանեց։ Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։ Բայդենը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը: Այժմ անհրաժեշտ է կանխել նոր ցեղասպանությունը»,-նշել է փորձագետը։

«Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄՔԴ-ի որոշումը, եւ ՄԱԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկի։ Բոլորը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը, նա անտեսում է դա։ Ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ»,-հավելել է նա։

Օկամպոյի գնահատմամբ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն պետք է ապահովեն Լաչինի միջանցքի ազատ գործունեությունը ռուս խաղաղապահների հովանու ներքո: Փորձագետը կրկնել է, որ ԱՄՆ-ն պետք է օգնի խաղաղապահներին կատարել իրենց գործառույթները: