Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որն ընթանում էր Ժնևում, ավարտվել է։ Այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
Լրագրողը X հարթակի իր էջում գրում է, որ բանակցությունների ավարտի մասին իրեն հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։



