Ժնևում ավարտվել է Իրանի ԱԳ նախարարի հանդիպում...

Շվեցարիայի Ժնև քաղաքում ավարտվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այս մասին Գրոսին գրել է X միկրոբլոգի իր էջում։

«Հենց նոր ավարտեցի Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ խորը տեխնիկական քննարկումները՝ վաղը Ժնևում նախատեսված կարևոր բանակցությունների շրջանակում»,- նշել է նա։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանից մեկնել է Ժնև՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունների երկրորդ փուլին, ինչպես նաև առանձին դիվանագիտական ​​հանդիպումներ անցկացնելու նպատակով։

Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ բանակցությունները նախատեսված են փետրվարի 17-ին և կանցկացվեն Օմանի միջնորդությամբ։

Փետրվարի սկզբին Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և նոր ռազմական բախումը կանխելու նպատակով։