Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակու...

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ:

Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր հարթակներ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում իրականացնում է օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ստեղծագործական ոլորտի, թատերական և համերգային կազմակերպությունների առևտրայնացմանը: Նա անդրադարձել է Հայաստանում ստեղծարար արդյունաբերության մեծ ներուժին՝ նշելով, որ եթե միջազգային ինտեգրումը և տեղական տաղանդների խրախուսումը շարունակվեն, այդ ոլորտը կարող է դառնալ երկրի տնտեսական զարգացման առանցքային ճյուղերից մեկը:

Նախարարները կարևորել են համատեղ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր կազմակերպելու հեռանկարները՝ համապատասխանաբար թանգարանների և համերգային կազմակերպությունների միջև համագործակցությամբ: Այս համատեքստում կարևորվել են միջթանգարանային համագործակցության խթանումն ու ոլորտի զարգացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նախորդ տարի ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը: Նախարարի խոսքով՝ նոր կառույցը նպատակ ունի բարելավելու թանգարանային ոլորտի կառավարումը և մարքեթինգային քաղաքականությունը՝ խթանելով նաև թանգարանային ոլորտի միջազգայնացումը:

Կողմերն առանձնակի կարևորել են նաև կինոյի ոլորտում համագործակցությունը՝ խրախուսելով համատեղ ֆիլմարտադրության նախագծերն ու մասնակցությունը, մասնավորապես, Տալինի «Սև գիշեր» և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Էստոնիայի կինոյի ինստիտուտի և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: