Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պա...

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված իրավիճակին՝ պնդելով, որ ներկայիս խաղաղությունը կայուն հիմքերի վրա չէ։

Նրա գնահատմամբ՝ ուժերի առկա անհամաչափության և Ադրբեջանի շարունակական հարձակողական սպառազինման պայմաններում ներկայիս իրավիճակը երկարատև չի կարող լինել։

Պողոսյանը հնարավոր է համարում երկու հիմնական զարգացում։ Առաջին դեպքում, ըստ նրա, Ադրբեջանը փորձելու է հասնել նրան, որ հայկական կողմը աստիճանաբար հարմարվի իր ինքնիշխանության սահմանափակմանը։ Երկրորդ դեպքում, անգամ փոքր դիմադրության պարագայում, Բաքուն կարող է դիմել շանտաժի կամ ուժի կիրառման։

Քաղաքագետի համոզմամբ՝ հարաբերական խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը ռազմաքաղաքական հավասարակշռության հետևողական վերականգնումն է։

«Ցանկացած բանական, տրամաբանող և պատմություն իմացող մարդ գիտի, որ այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը»,- գրել է Պողոսյանը՝ նաև քննադատելով այն մոտեցումները, որոնց համաձայն տնտեսական և այլ փոխկապակցվածությունները ինքնին կարող են երկարաժամկետ խաղաղության երաշխիք դառնալ։