«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի Ծավ բնակավայրում խմելու ջրի մեջ սնդիկի հայտնաբերման պատմությունը նոր ու բավական ուշագրավ շրջադարձ է ստացել։ Եթե մինչ այս պատկան մարմինները ամիսներ շարունակ փորձում էին պարզել, թե որտեղից է հայտնվել վտանգավոր նյութը բնակիչների օգտագործած ջրում, ապա երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Ծավի խմելու ջրի ավազանի հարևանությամբ հայտնաբերվել են ապօրինի լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքների հետքեր։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ չշահագործվող հանքախորշերից երեք անձ ձեռքի հորատման գործիքներով ապօրինի աշխատանքներ են իրականացրել։ Դեպքի վայրում՝ խմելու ջրի աղբյուրից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր գործիքներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև պարկերով լցված հանքաքարեր։ Երեք անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից մեկը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ու հենց այստեղ է Ծավի պատմության ամենակարևոր հարցը։
Իսկ ի՞նչ կապ ունի հայտնաբերված ապօրինի հանքարդյունաբերությունը Ծավի խմելու ջրի մեջ հայտնաբերված սնդիկի հետ։
Այս պահին որևէ հիմք չկա պնդելու, թե սնդիկի աղբյուրը հենց հայտնաբերված հանքն է։ Սակայն փաստն այն է, որ երկու իրադարձությունները տեղի են ունենում նույն տարածքում, և այժմ քննությունը պետք է պատասխան տա այն հարցին, որը մինչ այս մնում էր օդում կախված՝ ինչպե՞ս է սնդիկը հայտնվել Ծավի խմելու ջրի մեջ։
Հիշեցնենք՝ Ծավի բնակիչներից մեկը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին ահազանգել էր, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։ Հետազոտություններից հետո ջրի մեջ արձանագրվել էր սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։ Կրկնակի նմուշառումները ևս հաստատել էին շեղումը, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից վերցված նմուշներում։ Բնակիչներին խորհուրդ էր տրվել չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակներով։
Սակայն դրանից հետո առաջացած գլխավոր հարցը՝ ո՞վ կամ ի՞նչն է աղտոտել ջուրը, երկար ժամանակ մնաց անպատասխան։
Ավելին՝ այս հարցի շուրջ տարբեր պետական կառույցների գործողությունները մի տեսակ «պինգ-պոնգի» տպավորություն էին թողնում։
ՀՎԿԱԿ-ը կատարեց նմուշառումներ և արձանագրեց սնդիկի առկայությունը։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ խնդրի պատճառները պարզելու և վերահսկողական փորձաքննություններ իրականացնելու նպատակով աշխատանքներ են իրականացվում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ևս ուղղվեցին հարցեր՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ինչպես է սնդիկը հայտնվել խմելու ջրում։ Սակայն որոշ ժամանակ անց էլ հանրությանը հստակ չէր ներկայացվել, թե որտեղից է առաջացել աղտոտումը և ով է դրա համար պատասխանատու։
Ու հիմա իրավիճակը ստանում է միանգամայն այլ երանգ։
Փաստորեն, մինչ առողջապահական համակարգի կառույցները փորձում էին պարզել ջրի աղտոտման պատճառը, Քննչական կոմիտեն նույն տարածքում հայտնաբերում է ապօրինի հանքարդյունահանման գործունեություն։
Սա առնվազն լուրջ հարց է առաջացնում՝ ինչպե՞ս կարող էր խմելու ջրի աղբյուրի հարևանությամբ տարիներ շարունակ կամ որոշակի ժամանակահատվածում իրականացվել հանքային աշխատանք, այդ թվում՝ հորատում և պայթուցիկ նյութերի օգտագործում, առանց համապատասխան վերահսկողության մարմինների կողմից դա ժամանակին արձանագրվելու։
Առավել ուշագրավ է, որ պետական վերահսկողության համակարգում կան կառույցներ, որոնց գործունեության առանցքային ուղղություններից են առողջության համար վտանգավոր գործոնների, այդ թվում՝ խմելու ջրի անվտանգության և համապատասխան պահանջների պահպանման վերահսկողությունը։ ՀՎԿԱԿ-ն էլ հենց Ծավի դեպքի սկզբնական փուլում արձանագրել էր սնդիկի գերազանցումը։ ՀՎԿԱԿ-ի պարզաբանմամբ՝ խմելու ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունը, իսկ սանիտարական պահանջների պահպանման պետական վերահսկողությունը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Այսինքն՝ ստացվում է բավականին տարօրինակ պատկեր․ ջուրը աղտոտված է, սնդիկի առկայությունը փաստվում է, բնակիչներին զգուշացնում են ջուրը չօգտագործել, պատճառը երկար ժամանակ մնում է անհայտ, իսկ հետո Քննչական կոմիտեն հայտնաբերում է նույն ջրային ավազանի հարևանությամբ ապօրինի հանքարդյունահանման հետքեր։
Հիմա արդեն պետք է ոչ թե հերթական անգամ միայն ջուր նմուշառել, այլ պատասխանել շատ կոնկրետ հարցերի։
Ո՞ր հանքախորշերում են աշխատանքներ իրականացվել։ Որքա՞ն ժամանակ։ Ի՞նչ հանքաքար է արդյունահանվել։ Օգտագործված պայթուցիկ նյութերն ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ շրջակա միջավայրի վրա։ Արդյո՞ք հանքային աշխատանքների տարածքը կապ ունի ջրաղբյուրի հետ։ Արդյո՞ք հանքաքարը կամ դրա հետ կապված նյութերը կարող էին հայտնվել ջրային համակարգում։ Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք հայտնաբերված ապօրինի հանքարդյունաբերությունը կարող է բացատրել Ծավի ջրում սնդիկի հայտնվելը։ Եվ որտե՞ղ է Բնապահպանության և ընդերքի տեսչությունը, որ պարտավոր է բացահայտել ապօրինի հանքօգտագործողներին։
Սրանք արդեն ոչ միայն քրեական, այլև հանրային առողջության և բնապահպանական անվտանգության հարցեր են»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



